Կենտրոնի մասին

ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը Հարավային կովկասի տարածաշրջանում էկոլոգիական իրավունքի ոլորտում հետազոտություն իրականացնող միակ համալասարանական կառույցն է: Այն ստեղծվել  է  2008 թվականի սեպտեմբերի 16-ին ԵՊՀ-ի և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի  հիման վրա: 2010 թվականից Կենտրոնը գործում  է ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի ծրագրի շրջանակներում:   
 

ԿԵՆՏՐՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է`

  • Նպաստել ՀՀ-ում էկոլոգիական օրենսդրության գործողության արդյուանվետության բարձրացմանը,
  • Ընդլայնել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի կարողությունները էկոլոգիական իրավունքի հիմնախնդիրների հետազոտության ոլորտում,
  • Նպաստել ՀՀ-ում “Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին”  ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրականացմանը,
  • Նպաստել ուսանողների և երիտասարդների` էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը:

Վերոգրյալ նպատակների իրագործման համար Կենտրոնը համագործակցում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա առաջատար ուսումնական հաստատությունների, միջազգային կառույցների և ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների հետ:   

ԿԵՆՏՐՈՆԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ

2008-2011 թթ. Կենտրոնը`

  • ներկայացրել է առաջարկություններ և դիտողություններ 15 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ,
  • հրատարակել է 4 հետազոտություններ, նույնքան ուսումնամեթոդական նյութեր և շուրջ երկու տասնյակ գիտական հոդվածներ,
  • անցկացրել է 20 իրավական ակտերի նախագծերի հանրային լսումներ,
  • կազմակերպել է 4 ուսանողական միջբուհական գիտաժողով և դատախաղ մրցույթ,
  • անցկացրել է շուրջ 15 վերապատրաստման դասընթաց էկոլոգիական օրենսդրության արդի հիմնախնդիրների վերաբերյալ,
  • իրականացրել է 10-ից ավելի իրազեկման և ուսանողների ներգրավվածության ապահովման միջոցառումներ:

Կենտրոնը 2011 թվականին դարձել է Բնության պահպանության համաշխարհային միության Էկոլոգիական իրավունքի ակադեմիայի անդամ և Իրավագիտության ֆակուլտետի ու ՀՀ Ազգային ժողովի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա հանդես է գալիս օրենսդիր մարմնի համար որպես փորձագիտական կառույց:

Ներկայումս Կենտրոնը նախատեսում է շարունակել աշխատանքները ավանդական դարձած ուղղություններով` միաժամանկ ձևավորելով գործունեության նոր հարթություններ: